×


Յուլիանա Բասմաջյան.“Այն հնարավոր չէ ներկայացնել առանց զուգընկերոջ”

Չորս տարուց ավելի տանգոյի աշխարհում ապրող մեր հայրենակցուհի Յուլիանա Բասմաջյանը բնակվում է Լոս Անջելեսում: Պարուհու զուգընկերն է Բրայան Նգույենը: Նրանք միասին են պարում 2007 թվականից, նախորդ տարի էլ ճանաչվել են ԱՄՆ-ի “Tango Salon”-ի չեմպիոններ: BRAVO.am-ը զրուցել է Յուլիանայի հետ ու հետաքրքիր փաստեր պարզել աղջկա կյանքի եւ գործունեության մասին:):

Յուլիանան եւ զուգընկերը ԱՄՆ-ի “Tango Salon 2011”-ի չեմպիոններ են դարձել


-Երբվանի՞ց եք պարով զբաղվում:

- Սկսեցի պարել մոտ 9-ը տարի առաջ: Չորս տարի սալսա եմ պարել, մոտ մեկ տարի էլ ֆլամենկոյով զբաղվել: Հետո արդեն նետվեցի տանգոյի աշխարհ եւ մինչ օրս ապրում եմ այդ աշխարհում:

- Ասացիք, որ պարել եք սալսա եւ ֆլամենկո, ինչո՞ւ վերջնական ընտրությունը կանգ առավ հենց տանգոյի վրա:

- Արգենտինական տանգոյի երաժշտության սիրահար եմ: Սիրում եմ յուրաքանչյուր երգում պատմվող պատմությունը: Այս երաժշտությունը ոգեշնչում է ինձ այդ պատմությունների իմ մեկնաբանությունը ներկայացնել: Շարժման միջոցով կարողանում եմ ազատ արտահայտել զգացմունքներս, էմոցիաներս:

-Ո՞րն եք համարում Ձեր պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբը:

-Երբ առաջին անգամ ինձ վճարեցին բեմում ելույթ ունենալու համար, երբ սկսեցի աշխատել որպես պարուսույց. մոտ նույն ժամանակահատվածում տեղի ունեցավ:

Ամերիկաբնակ Յուլիա Բասմաջյանն ուզում է տանգոյի լեգենդ դառնալ


-Ովքե՞ր էին Ձեր ուսուցիչները:

- Պրոֆեսիոնալ պարով սկսել եմ զբաղվել Լոս Անջելեսում: Երջանիկ մարդ եմ ինձ համարում, որովհետեւ հիասքանչ ուսուցիչներ եմ ունեցել: Շատ եմ ճամփորդել դեպի Բուենոս Այրես, եւ հենց արգենտինական վարպետներն են ինձ վրա մեծ ազդեցություն թողել, ինչպես օրինակ` Ջերալդին Ռոխասը, Խավիեր Ռոդրիգեսը, Ֆաբիան Պերալտան, Ալեխանդրա Մատինան եւ այլք:

-Իսկ Ձեր առաջին բեմելը հիշո՞ւմ եք:

-Իհարկե, հիշում եմ…:) Այնքան նյարդայնացած ու վախեցած էի: Կարծում եմ` այդ ժամանակ ահավոր էի պարում, իսկ համաձայնեցի ելույթ ունենալ, որովհետեւ միշտ երազել եմ բեմում գտնվել ու զվարճացնել մարդկանց: Նաեւ հասկացա, որ շատ բան պետք է սովորեմ մինչ հաջորդ անգամ բեմում հայտնվելս:

“Տանգոն հնարավոր չէ ներկայացնել առանց զուգընկերոջ”. Յուլիանա Բասմաջյան


- Ինչպե՞ս  է պարարվեստը օգնում Ձեզ կյանքում:

-Ինքնաարտահայտման կարիքն ու ցանկությունը ոգեշնչում են ինձ: Երբ գործը հասնում է խոր հուզական ապրումներին, ես քչախոս կնոջ եմ վերածվում: Եվ հենց պարն է ինձ օգնում փոխանցել այդ խոր մտքերս:

Պարն իմ հոգու սնունդն է:

-Պարեր բեմադրո՞ւմ եք:

-Չեմ բեմադրում, քանի որ այժմ միայն տանգո եմ պարում, իսկ տանգոն հնարավոր չէ ներկայացնել առանց զուգընկերոջ:

“Ուզում եմ ոգեշնչել մարդկանց իմ գործունեությամբ ու կիրքով”. Յուլիանա Բասմաջյան


-Գիտեմ, որ բազմաթիվ մրցույթների եք մասնակցել, ներկայացրեք Ձեր  գրանցած հաղթանակները:


-Այո, բազմաթիվ մրցույթների հաղթողներ ենք: Դրանցից են` 2010 թվականին Նյու Յորքում կայացած “Private U.S Competition”-ը, 2011-ին Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած Ամերիկայի պաշտոնական մրցույթը եւ “Tango Mundial”-ը` Տանգոյի աշխարհի առաջնությունը Բուենոս Այրեսում 2010 եւ 2011 թվականների օգոստոսին:

-Յուլիանա, կպատմե՞ք 2011 թվականի ապրիլին կայացած ԱՄՆ-ի առաջնության մասին: Որպես հաղթող` ի՞նչ մրցանակի արժանացաք: 

-Հնարավորություն ստացանք մեկնել Բուենոս Այրես եւ մեխանիկորեն հայտնվել աշխարհի առաջնության կիսաեզրափակչում` ներկայացնելով Միացյալ Նահանգները: Վստահ էինք, որ հաղթելու ենք, սակայն նյարդայնացած ու հուզված էինք, քանի որ ԱՄՆ-ն էինք ներկայացնում: Ի զարմանս մեզ եւ էլի շատ մարդկանց, այնուամենայնիվ երրորդ տեղը գրավեցինք, ինչը հաղթանակ էր ոչ միայն իմ եւ զուգընկերոջս համար, այլ նաեւ Ամերիկայի եւ մեր քաղաքի` Լոս Անջելեսի համար: Սա ամենից բարձր մրցանակն է, որ Միացյալ Նահանգները ստացել է այս մրցույթի շրջանակներում:

“Նետվեցի տանգոյի աշխարհ եւ մինչ օրս ապրում եմ այդ աշխարհում”. Յուլիանա Բասմաջյան


-Ի՞նչ են տալիս Ձեզ այս բոլոր մրցանակներն ու նվաճումները:


-Հուզմունք եւ ոգեւորություն` շարունակելու այն, ինչով զբաղվում եմ: Ինձ համար հաղթանակները հանդիսանում են ցուցանիշներ, որոնք ապացուցում են` կյանքում արժի ռիսկի դիմել: Հաղթանակներն ապացուցում են, որ ամեն ինչ ճիշտ եմ անում ուզածիս հասնելու համար:

-Ի՞նչ երազանք ունեք եւ ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել մոտ ապագայում:

-Երազանքս է տանգոյի լեգենդ դառնալ: Ուզում եմ ոգեշնչել մարդկանց իմ գործունեությամբ ու կիրքով: Նախատեսում եմ շարունակել դասավանդելը եւ ճանապարհորդել` հոգիս բավարարելու համար:

Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները Յուլիանա Բասմաջյանի անձնական արխիվից



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW